Ապրիլի 9
Վեր կաց փայլիր, որովհետև լույսդ եկել է, և Աստծո
Փառքը ծագել է քո վրա (Ես. Կ. 1.):
Այս կանչն Իմ այս oրվա մեջ թող հասնի բոլոր նրանց, ովքեր սիրում են Ինձ, որպեսզի ոտքի ելնեն ու բարձրանան երկրավոր կապանքներից ու մեղքերից, ծուլությունից ու մռայլությունից, անվստահությունից ու վախից և բոլոր այն բաներից, որոնք արգելք են հանդիսանում Հարուցյալ Կյանքին:
Հարկավոր է բարձրանալ գեղեցկության, սրբության, ուրախության, խաղաղության. սիրուց ու ուրախությունից մղումներ ստացող բանի ու գործի. մի խոսքով` բարձրանալ մահից կյանք:
Հիշեք, որ մահը վերջին թշնամին էր, որ Ես պարտության մատնեցի:
Իմ մահով այդպես, հաղթանակը կատարյալ եղավ: Նշանակում է` վախենալու ոչ մի պատճառ չկա: Հաղթահարվել է նաև մեղքը, և թողություն է շնորհվել ձեզ և բոլոր նրանց, ովքեր ապրում, գործում և քայլում են Ինձ հետ:
Այն բաները, որ վնասում կամ վախեցնում էին ձեզ, այլևս անզոր են ձեր դեմ: Ձեզ նեղություն պատճառողները սոսկ ուրվականներ են:
Իրական ուժերին Ես հաղթել եմ Անապատում, Գեթսեմանիի պարտեզում, Խաչի վրա և Գերեզմանի մեջ:
Ձեր հարուցյալ կյանքին ոչ մի բան թող արգելք չհանդիսանա:
Ոնց Պողոսն ասաց` Քրիստոսի հետ Հարություն առած կյանքին:
Ջանացեք ավելին իմանալ հարուցյալ կյանքի մասին: Այս կյանքի մասին էր, որ ճշմարտապես ասվեց.
«Ապրում եմ Ես, բայց ոչ թե ես, այլ Քրիստոս է, որ ապրում է իմ մեջ»:
Երկյուղը, հուսահատությունը և արցունքը գալիս են այն ժամանակ, երբ կանգնած եք մնում դատարկ գերեզմանի առջև:
«Որովհետև Իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ` նրան ուր են դրել»:
Ոտքի ելեք, ազատագրվեք ձեր վախից և դուրս եկեք արևի լույսին, Ինձ` ձեր Հարություն առած Տիրոջը հանդիպելու համար: Յուրաքանչյուր օր իր մեջ շատ բան է պարունակում, ինչին դուք պետք է կարողանաք դիմավորել կամ Հարության ոգով կամ` գերեզմանի: Գիտակցաբար ընտրեք մեկը և մերժեք մյուսը: